Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում մեկ տարի առաջ սպանված Քաչոտյանների գործը չի բացահայտվում, որովհետեւ շահագրգռվածություն չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշեց, որ գործով մեղադրյալի՝ կալանավայրում ինքնասպանությունից հետո քրեական գործով ոչ մի էական հանգամանք մինչեւ այժմ չի բացահայտվել՝ այն անտարբերություն մատնելու պատճառով:

«Երբ մի բան սառեցվում է, այդպես էլ գնում է, ընդհանուր շահագրգռվածություն չկա, դրա համար էլ այդպիսի վիճակ է, անտարբերության են մատնել»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը 2016 թվականի օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան է եղել:

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հարազատներն էին հայտնաբերել սպանված: Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:

Ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի: Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը: