«Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպությունում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարբեր օպերատիվ խմբեր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:  Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի եւ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից 6-ական եւ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար: Դեպքի վայրում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռով հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաեւ հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի 2 փրկարարներ:

Նշվում է, որ 250-300 հա տարածքում այրվում է բուսածածկ եւ անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը: