Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկությունը, համաձայն որի՝ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են հայկական թիրախների վրա ցուցադրել Ադրբեջանին մատակարարվող նոր անօդաչու տեխնիկայի հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է Newsru-Israel-ը՝ վկայակոչելով «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականը։ 

Հրապարակման հեղինակ Յոսի Մելմանը գրում է, որ համապատասխան բողոքը ներկայացվել է Իսրայելի պաշտպանության նախարարություն։ Aeronautics Defense Systems ընկերությունը հերքում է մեղադրանքները։

Նշված աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել  շուրջ մեկ ամիս առաջ, երբ անօդաչու թռչող սարքերի մատակարարման նոր պայմանագիրը քննարկելու նպատակով Բաքու է ժամանել Aeronautics Defense Systems-ի պատվիրակությունը։ Նշվում է, որ ադրբեջանցի զինծառայողները խնդրել են նոր տեխնիկայի հնարավորությունները ցուցադրել հայկական բանակի դեմ իրական մարտական գործողությունների ընթացքում, սակայն մերժում են ստացել։ Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախատեսում էր հեռարձակել հարձակումը՝ իր զինված ուժերի հզորությունը ցույց տալու նպատակով։ 

«Մաարիվ»-ը հիշեցնում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության օրենքների համապատասխան՝ սպառազինության իսրայելցի մատակարարներն իրավունք չունեն օտար երկրների տարածքում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցել մարտական գործողություններին, եթե բացակայում է ՊՆ-ի հատուկ կարգադրությունը  (որը շատ հազվադեպ է տրվում)։

«Մաարիվ»-ի համաձայն՝ իսրայելական ընկերության աշխատակիցների վրա փորձել են ճնշում գործադրել պատվիրակության ղեկավարները, սակայն օպերատորները չեն համաձայնել։ Արդյունքում անօդաչու սարքի կիրառության փորձը զոհերի չի հանգեցրել, սակայն թիրախը վնասազերծվել է։ Օպերատորներից մեկը, որը հրաժարվել է հայ զինծառայողների վրա հարձակման ժամանակ կառավարել անօդաչու սարքը, ավելի ուշ հեռացել է ընկերությունից, երկրորդը եւս պատրաստվում է ազատվել աշխատանքից, գրում է պարբերականը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունում հայտարարել են․ «Նախարարությունը սովորաբար մեկնաբանություններ չի տալիս պաշտպանական արտահանության վերաբերյալ։ Նախարարության համապատասխան կառույցները ստուգում են տեղեկությունը»։

Aeronautics Defense Systems ընկերության մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է բողոքում առկա պնդումներն ու հայտարարել․ «Ընկերությունն իր արտադրանքը մատակարարում է աշխարհի 50 երկրների, բացառապես պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանության վերահսկողության բաժնի արտոնագրերի համապատասխան»։ Ընդգծվում է, որ օպերատիվ կառավարումը միշտ կատարում է գնորդը եւ այն ամբողջությամբ նրա պատասխանատվության ներքո է։  «Aeronautics ընկերությունը երբեք իր հնարավորությունները չի ցուցադրում կենդանի թիրախների վրա։ Նույնը վերաբերում է տվյալ դեպքին»,-ասվում է հայտարարությունում։