Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հույս ունի հաջորդ տարի Հայաստան այցելել։ Այս մասին Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է NEWS.am-ին տված հարցազրույցում։

Ո՞րն է ձեր հիմնական նպատակը որպես Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ։

Նոր Հարավային ՈՒելս նահանգում ապրում է 7․8 մլն մարդ, ու այն Ավստրալիայի վեց նահանգներից խոշորագույնն է։ Ավստրալիայի բնակչության մոտ մեկ երրորդը ապրում է հենց այդ նահանգում, որը երկրի ամենաարագ աճող ու դիվերսիֆիկացված տնտեսություն ունեցող նահանգն է։ Նահանգի տնտեսությունն ավելի մեծ է, քան օրինակ Իռլանդիայի, Նորվեգիայի կամ Իսրայելի տնտեսությունը։

Վարչապետի դերակատարումը հավասար է ԱՄՆ-ում նահանգապետի դերակատարմանը։ Վարչապետը կառավարության առաջնորդն է, ամենաբարձրաստիճան դեմքը, ով որոշումներ է կայացնում։ Վարչապետը ղեկավարում ու համակարգում է նախարարությունների աշխատանքը բյուջեի, քաղաքականության ու նոր օրենսդրության հարցերով։

Դուք 2013-ին Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ եք այցելել ավստրալական քաղաքական գործիչների պատվիրակության կազմում։ Կպատմե՞ք այդ ուղեւորությունից ձեր տպավորությունների մասին։

Ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան 2013-ի հուլիսին՝ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանում Հայաստանի բարեկամների խորհրդարանական պատվիրակության շրջանակում։ Մենք այցելեցինք Երեւան, Արցախ ու Հայաստանի  որոշ մարզեր։ Այդ ուղեւորությունն իմ ու իմ գործընկերների համար հիշարժան էր նրանով, որ ապահովեց ոչ միայն հայկական կենսակերպի խորը ընկալում, այլեւ Հայաստանի խնդիրների ու հասանելի ռազմավարական կարեւոր հնարավորությունների ընկալում։

Խոհրդարանում դուք մշտապես բարձրացնում էիք հարցեր, որոնք վերաբերում են հայերի շահերին, այդ թվում Ցեղասպանության ճանաչման ու ղարաբաղյան հարցերը։ Ձեր կարծիքով Ավստրալիան երբեւէ կարո՞ղ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի՝ ես հպարտ եմ իմ հայկական ժառանգությամբ ու շարունակում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչումը։ Այս տարի մենք նշում ենք Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման 20-րդ տարեդարձը։ Խորհրդարանի այգում նաեւ խաչքար է տեղադրված՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես հույս ունեմ հաջորդ տարի այցելել Հայաստան արդեն Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի դերում։