«Խոսրովի անտառ»-ում հրդեհը բռնկվել է, ամենայն հավանականությամբ, մարդկային գործոնի, ոչ թե բարձր ջերմային ֆոնի պատճառով։ Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» միության նախագահ Կարինե Դանիելյանը։

«Ես չեմ կարողանում անտառների ինքնահրկիզում պատկերացնել։ Ես կարող եմ ինչ-որ աղբանոցում ինքնահրկիզում պատկերացնել, բայց ինձ թվում է, ամեն դեպքում, այստեղ գործել է մարդկային գործոնը»,-ասաց բնապահպանը։

Նրա խոսքով՝ «Խոսրովի անտառ»-ում, ի տարբերություն Կենտրոնական Սիբիրի, տորֆաճահիճներ չկան, որոնք կարող էի ինքնահրկիզման պատճառ դառնալ։ Դանիելյանի խոսքով՝ հրդեհի պատճառը հայ հասարակությունում էկոմշակույթի թույլ զարգացումն է։ «Այդ անտառում մարդը կարող է նետել չհանգցրած ծխախոտը։ Պետք է սովորեցնել եւ բացատրել, որ նման բան անել չի կարելի։ Բացի այդ՝ այժմ անտառներում կամ այլ վայրերում խարույկ վառելու, իսկ հետո ինչպես հարկն է հանգցնելը մոռանալու ժամանակը չէ»,-նշեց Կարիեն Դանիելյանը։ Նա հավելեց, որ Հայաստանում խոտը հնձելուց հետո այրելու ավանդույթ գոյություն ունի, ինչը եւս սպառնալիք է պարունակում եւ շատ վտանգավոր է, քանի որ կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել։