Սաուդյան թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը հայտարարել է, որ Կատարի ուխտավորներից, որոնք այս տարի ցանկանում եմ հաջ կատարել, Սաուդյան Արաբիայի ցամաքային սահմանը հատելու համար հատուկ էլեկտրոնային թույլտվություն չի պահանջվի, հայտնում է Al Arabiya-ն:

Դրանից բացի, թագավորը կարգադրել է հաջին կատարցի ուխտավորներին օդանավերով իրենց հաշվին բերել:

Հաջը իսլամի, այսպես կոչված, 5 սյուներից մեկն է: Յուրաքանչյուր մուսուլմանի պատվիրվում է կյանքում գոնե մեկ անգամ Մեքայի սրբավայրեր ուխտագնացություն կատարել: Այն մուսուլմանական օրացույցով իրականացվում է խիստ որոշակի  ժամանակահատվածում: 2017 թվականին հաջի ժամանակը համընկել է օգոստոսի վերջին:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են եւ դադարեցրել Կատարի հետ ամեն տեսակի շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Որոշմանն ավելի ուշ միացել են մի շարք այլ երկրներ: