Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի պահանջարկի առկայությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Իրենց կողմից նախատեսված քանակից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձեւով լուծում տալ այս ամենին: Գործընթացը շարունակական է, մենք ամեն օր կապի մեջ ենք, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների մասով: Պետք  է բոլորս հասկանանք, որ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ: Գնային քաղաքականության մասով մենք մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն գնային քաղաքականության վրա չենք ազդում, մենք կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ շնորհիվ մրցակցության ավելացման: Պետք է կամ նստատեղերի քանակը, կամ օդանավերի քանակն ավելացնել»,-ասաց նա: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսին Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են, NEWS.am-ի հետ զրույցում ավիատոմսեր վաճառող ընկերությունները նշել էին, ավիատոմսերի թանկացումը կապված է դեպի Ռուսաստան գնացողների մեծ հոսքով: Եթե հուլիսին Երեւան-Մոսկվա տոմսն արժեր մինչեւ 68 հազար դրամ, այժմ այն կրկնակի, եռակի անգամ թանկացել է՝ հասնելով մինչեւ 160 հազար դրամի, թանկացել են նաեւ Երեւան-Պետերբուրգ, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը, անգամ Երեւան-Կիեւ՝ հասնելով մինչեւ 140 հազար դրամի: