«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա նշեց, որ մտավախություն կա, որ Հովհաննեսի մոտ կարող է անկիլոզ (Բեխտերեւ) առաջանալ:

«Նրա առողջական վիճակն այնքան վատ է, որ կարող է անկիլոզ առաջանալ, դա նույն Բեխտերեւի հիվանդությունն է, այսինքն՝ ծնկան հոդում անշարժություն, որի նշաններն արդեն կան, չի կարողանում ոտքը նորմալ ծալել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: