Արարատյան դաշտի մի մասն ու նախալեռները ֆիլոքսերիայով են վարակվել։ Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողներիետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ վկայակոչելով մեկ ամիս առաջ կայացված կառավարության որոշումը։

Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում է, որ այդ պատճառով կսկսեն զանգվածայնորեն տնկել խաղողի եվրոպական տեսակներ, ինչպես նաեւ զանգվածայնորեն կոչնչացնեն վարակված խաղողի այգիները։ «Պաշտոնական տվյալներով՝ ֆիլոքսերայով վարակված է ավելի քան 1400 հեկտար տարածք։ Բայց ես կարծում եմ, որ դրանց թիվն ավելի է»,-նշեց Ավագ Հարությունյանը։

Դրա հետ մեկտեղ՝ փորձագետն անհանգստություն է հայտնել ոչ այնքան վարակված տարածքների չափերով, որքան այն բանով, որ ֆիլոսքերան շարունակվում է տարածվել։

«Ֆիլոքսերան շատ արագ է տարածվում։ Եթե նախկինում մենք դրա հետ գործ ունեինք միայն Արմավիրի մարզում, այժմ այն հայտնվել է նաեւ Արարատի մարզում։ Եվ ոչ թե մի խումբ գյուղերում, այլ միմյանցից շատ հեռու գտնվող գյուղերում»,-ընդգծեց Հարությունյանը՝ հավելելով, որ Արարատյան դաշտում ֆիլոքսերայի տարածումը կապված է դրա դեմ պայքարի բացակայության հետ։