Ռուսական ավիաընկերությունները պայմանավորվել են եւ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ բարձրացնում են Հայաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերի գները: Այս կարծիքին է ավիացիայի ոլորտը երկար տարիներ ղեկավարած Դմիտրի Ատբաշյանը: Նրա խոսքով, Կառավարության 2013 թ. ընդունած «բաց երկնքի քաղաքականությամբ»  Հայաստանում ստեղծվեց այս իրավիճակը, որի պատճառով այժմ տուժում է հասարակ քաղաքացին:

«Պատճառը բաց երկնքի քաղաքականությունն է, հենց դրա հեղինակներն էլ այժմ հանգիստ նստած են, բայց մեր ամբողջ ազը տանջվում է: Չկա մրցակցություն, եթե սեփական ավիացիա ունենայինք, միանգամից 3 անգամ ավիատոմսերի գները կնվազեին, ոչ թե կբարձրանային, բայց մենք ոչ առաջինը, ոչ էլ երկրորդն ունենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դմիտրի Ատբաշյանի խոսքով, «բաց երկնքի քաղաքականությունն» ընդունելով՝ կառավարությունն ակնկալում էր ուղեւորահոսքի ավելացում, ավիատոմսերի գների նվազում, որն իր հերթին պետք է խթաներ երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը, սակայն, այդ որոշումից այսքան տարի անց՝ հասկանալի է՝ ի՞նչ կորցրինք:

«Մենք ոչ միայն ազգային փոխադրող չունենք, այլեւ այս երկու ընկերությունները, որոնք այժմ իբր կան, շատ չնչին տոկոս են կազմում ավիացիոն շուկայում եւ չեն կարող ազդել իրավիճակի վրա: Փարիզ, Վիեննա, այլ եվրոպական քաղաքներն հիմնականում որպես տրանզիտ են օգտագործվում, ուղիղ միանգամից Փարիզ գնացողները շատ քիչ են, հիմնականում ԱՄՆ գնալու համար են այս ուղղությունն օգտագործում եւ  եթե Փարիզը թանկացնեն՝ մենք Նյու Յորք Վիեննայով կթռնենք, կամ Կիեւով: Այսինքն՝ երկընտրանք կա, դրա համար էլ դեպի Եվրոպա տոմսերը չեն թանկացել, իսկ ռուսական ընկերություններն առիթից օգտվում են»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսին Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են, NEWS.am-ի հետ զրույցում ավիատոմսեր վաճառող ընկերությունները նշել էին՝ թանկացումը կապված է դեպի Ռուսաստան գնացողների մեծ հոսքով: Եթե հուլիսին Երեւան-Մոսկվա տոմսն արժեր մինչեւ 68 հազար դրամ, այժմ այն կրկնակի, եռակի անգամ թանկացել է՝ հասնելով մինչեւ 160 հազար դրամի, թանկացել են նաեւ Երեւան-Պետերբուրգ, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը, անգամ Երեւան-Կիեւ՝ հասնելով մինչեւ 140 հազար դրամի: