Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մերձակայքում Ուրարտական դարաշրջանի Սոլակ 1 հնագիտական հուշարձանի պեղումների ընթացքում գտնվել է այրված փայտե ծածկի մոխիր: Մոխրի անալիզով պարզվել է, որ հուշարձանը թվագրվում է մ.թ.ա. 8-5-րդ դարերով: Սակայն այստեղ կյանքը շարունակվել է նաեւ ավելի ուշ, ասում է արշավախմբի ղեկավար, հնագետ Արթուր Պետրոսյանը (ֆոտոռեպորտաժ):

Այս հուշարձանը հետաքրքիր է այն բանով, որ իր հատակագծով այն դասական ուրարտական կառույց է, սակայն այստեղ օգտագործվել է քարի շարման տեղական տեխնիկան եւ տեղական շինանյութը:

Կառույցը, որն այժմ ուսումնասիրում է հայ-իտալական արշավախումբը, ամրոց է կամ դղյակ, ունի 27x27 մետր չափերով քառակուսու ձեւ: Արշավախմբի իտալական կողմի ղեկավար Ռոբերտո Դանը նշեց, որ այն միջանցքով 2 կեսի է բաժանված: Արեւելյան հատվածում 4 սենյակ կա, որոնք միջանցք են դուրս գալիս: Այս սենյակները տնտեսական նշանակություն են ունեցել, այստեղ է պահվել սննդամթերքը:

Արեւմտյան կեսում 3 սենյակ կա, սակայն միջանցք ելք ունի միայն առաջին ոչ մեծ սենյակը: Ենթադրվում է, որ այս հատվածը նախատեսված էր հասարակական գործունեության համար:

Ռոբերտո Դանի պարզաբանմամբ՝ երբ պարզվեց, որ այս հնավայրը ուրարտական դարաշրջանի հուշարձան է, հնագետները փորձեցին այն ներառել արդեն հայտնի ուրարտական հնավայրերի համակարգի մեջ: Փաստորեն, Սոլակ 1-ը գտնվում է մեզ արդեն հայտնի նույն ժամանակաշրջանի մի քանի ամրոցների միջեւ ընկած ճանապարհի միջնամասում: Դեպի հարավ 20 կմ հեռավորությամբ 2 ամրոց է գտնվում՝ Արամուսը եւ Դովրին: Այստեղից 20 կմ դեպի հյուսիս գտնվում է Լճաշենի ամրոցը: «Այսինքն՝ Սոլակ 1 ամրոցը կառուցվել է Արամուսի եւ Լճաշենի միջեւ ճիշտ կես ճանապարհին: Այն կառուցվել է Արարատյան դաշտավայրից Սեւանա լիճ տանող ճանապարհին: Ուրարտական սեպագիր արձանագրություններից մեզ հայտնի է, որ Արաքս գետն անցած առաջին թագավորը Արգիշտին է, եւ, հնարավոր է, այս ամրոցը կառուցվել է հենց նրա թագավորության ժամանակ, երբ ամբողջ տարածաշրջանն արդեն ուրարտական ազդեցության ներքո էր»,- ասում է հնագետը:

Արթուր Պետրոսյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կառույցի տանիքը գերանակապ էր՝ շագանակի եւ կաղնու փայտից: Ենթադրվում է, որ տանիքը երկթեք է եղել, ինչպիսին Մուսասիրի տաճարի տանիքն է, քանի որ ձմեռն այստեղ ցուրտ է եւ ձնառատ: Տանիքն այրվել է, իսկ ցած ընկած այրվող գերանները կոտրել են խեցեղենը, եւ հնագետներն այսօր գտնում են դրանց բեկորները:

Սոլակ 1 հնավայրի պեղումները կատարվում են համատեղ հայ-իտալական Կոտայք հետախուզական նախագծի շրջանակում, որը պետք է հետազոտի Կոտայքի մարզի հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի բոլոր հնագիտական հուշարձանները, ինչպես նաեւ կազմի դրանց նկարագրությունը, GPS կոորդինատներով քարտեզը: Նախագծին մասնակցում են Իտալիայի Միջերկրածովյան եւ Արեւելքի երկրների հետազոտությունների ինստիտուտը եւ Հայաստանի Ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը՝ Իտալիայի ԱԳ նախարարության աջակցությամբ: