Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգված լինելով, որ Ախալցխայի Երեւման Ս. խաչ եկեղեցու վերանորոգման ընթացքում եկեղեցու դրսի պատերին եւ ներսի խորանում գտնվող խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան, Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` եկեղեցու նախնական վիճակն անխաթար պահպանելու խնդրանքով:

Ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե ինչպե՞ս են ընթանում Ախալցխայի Երեւման Ս. խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները, Ամենայն հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն ասել է.

«2009 թ. աշնանը Վրաստանի իշխանությունները Ախալցխայի Ռաբաթ թաղամասի վերնամասում գտնվող Երեւման Ս. Խաչ հայ կաթոլիկ եկեղեցին իր տարածքով հանձնել են կաթոլիկ համայնքին` պայմանով, որ խոնարհված եկեղեցին վերանորոգվի: Ասեմ, որ 7-րդ դարից մինչեւ 18-րդ դարի սկիզբը այս եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն: Այնուհետեւ եկեղեցին գործածվել է հայ կաթողիկե համայնքի կողմից, քանզի Առաքելական եկեղեցու հետեւորդ հայորդիներ այդ շրջանում չեն բնակվել եւ եկեղեցին փակ է եղել: Նկատի առնելով այն, որ հիշյալ եկեղեցին նաեւ Հայոց Եկեղեցու պատմական ժառանգության մի մասնիկն է, Վիրահայոց թեմի առաջնորդին հավաստիացվել էր, որ նորոգության ընթացքում հայկական ինքնության որեւէ նշան չի ոնչացվի, ընդհակառակը` լավագույնս կպահպանվի:

Օրերս տեղեկացանք, որ եկեղեցու դրսի պատերին եւ ներսի խորանում գտնվող խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան: Տեղաշարժվել են նաեւ եկեղեցու բակում գտնվող հայկական եւ վրացական արձանագրություններով տապանաքարերը:

Խնդրի առնչությամբ Մայր Աթոռը Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` անխաթար պահպանելու եկեղեցու նախնական վիճակը:

Վստահ ենք, որ Կաթոլիկ Եկեղեցու պատկան իշխանությունների կողմից այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն,  որպեսզի կատարվածն անհանգստություն առաջ չբերի մեր հավատացյալների մոտ»: