Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից եւ քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տեւական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է եւ կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ծխահարվել են երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ եւ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր եւ ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաեւ հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

Պարզվել է, որ «Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարրայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում են 109 փրկարար ծառայող: