FAF ֆուտբոլային շարժման անդամները ժամանեցին Ռումինիա։ Երեք ու կես օր ճանապարհ կտրելով քսան երկրպագուներ, որոնց շարքերում կան նաեւ աղջիկներ, եկել են սատարելու Հայաստանի ազգային հավաքականին։

Պատմությունը հիշում է, որ Հայաստանի ազգային հավաքականի արտագնա խաղերին հիմնականում ներկա էին լինում եվրոպաբնակ հայերը։ Հայաստանի երկրպագուների միասնական ուղեւորությունները սկսվեցին Բուլղարիայի հետ արտագա խաղից հետո 2012-ին, երբ երկրպագուները իրենց ջանքերով ու գումարով կրկին ավտոբուսով մեկնեցին խաղին։

Դրանից հետո եղան շատ խաղեր, երբ FAF-ի անդամները անգամ երկու հոսքերով էին մեկնում։ Այսօր Ռումինիա ժամանել են մոտ քսան երկրպագուներ։ Ինչո՞ւ այսքան քիչ․․․ Հնարավոր է, որ ավտոբուսով մեկնելը շատերի համար գրավիչ չէ, մյուս կողմից էլ երեւի Ռումինիան երկրպագուների համար զբոսաշրջության համար այդքան էլ գրավիչ չէ։ Բայց այն, որ Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած հայերի քանակն է պակասել, երեւի խոսում է այն մասին, որ գուցե հավաքականի խաղը հավատ չի ներշնչում երկրպագուներին։

Հայ երկրպագուների ժամանելուն պես ռումինացի ուլտրասները, ովքեր մեկ տարի առաջ Հայաստան էին ժամանել՝ իրենց հետ բերելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող պաստառ, հրավիրեցին FAF-ի անդամներին եւ ջերմ ընդունելություն ցուցաբերեցին։

Վերա Մարտիրոսյան՝ Ռումինիայից