ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ»  ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը. հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձեւավորման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության օրակարգում է Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կտրուկ ավելացումը, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակումը եւ այլ հարցեր: Վարչապետի խոսքով, այդ ծրագրերի իրականացման նպատակով է ստեղծվել «Թվային Հայաստան» հիմնադրամը, եւ կառավարությունը պատրաստ է նշված ուղղություններով առաջ շարժվել՝ «Մայքրոսոֆթ»-ի հետ փոխգործակցությամբ:

Ռոնալդ Բինկոֆսկին իր հերթին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման գործում եւ հավելել, որ այդ նպատակով արդյունավետ քննարկումներ են ունեցել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահի խոսքով, այս բնագավառում իրենք ունեն հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ, որոնք կարող են ուղղել Հայաստանի թվային օրակարգի կյանքի կոչմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր եւս: