Հայաստանը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, ՊՆ-ն չի հաստատել, որ մենք անպայման մասնակցելու ենք. «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի զինված ուժերը երբեք պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է  այդ զորավարժություններին: Զինված ուժերի գործունեության մեջ միշտ էլ լինում են պլանավորումների վերանայումներ»:

Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու պատճառով որեւ խնդիր չի լինի. «ՆԱՏՕ-ն կա, եղել է եւ շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, եւ մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է: Հայաստանը շատ երկար ժամանակ ե՛ւ քաղաքական, եւ՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ե՛ւ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում լայնորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, եւ այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը արտառոց չպետք է դիտարկել»:

Պաշտպանության փոխնախարարը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ իր գործողությունների մեջ լիարժեք վստահ որոշումներ է կայացնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել էր մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը. «Ես չեմ մեկնաբանում»,- ասել էր Հովհաննիսյանը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցում է Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան. զորավարժություններին մասնակցելու համար Վրաստանում է ԱՄՆ 500 զինծառայող։

2011թ․ սկսած «Agile Spirit 2017» զորավարժությունն ամեն տարի  անցկացվում է, այս տարի այն կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով:

Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխայում, բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը: