ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալներ Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդումներ են տվել, որ 11.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցներն իրենց ապօրինի պահել են տեւական ժամանակով: Բացի այդ, նույն օրը` ոստիկանության Սպիտակի բաժնում գտնվելու ընթացքում, ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրենց` պահանջելով խոստովանել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակչուհու տանից կատարված գողության դեպքը:
Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն հայտնել են, որ վախի ազդեցության տակ գտնվելով` համաձայնվել եւ խոստովանական ցուցմունքներ են տվել:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: