Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայել իր արտահանձնումն ուշացնելու պատճառով փորձել է ինքնասպանություն գործել։ Այժմ նա բժիշկների վերահսկողության տակ է։ Այս մասին հայտնել է հասարակական-քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը։

«Նրա վաղաժամ ազատումն ու Իսրայելին արտահանձնումը վաղուց էին օրակարգում, եւ համապատասխան մարմինները քննարկումներ էին անցկացնում։ Բայց, ցավոք, Իսրայելի համապատասխան կառույցները շատ ձգձգեցին Լապշինի արտահանձնման գործընթացը։ Եվ երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ․ նա մեկուսարանում ցանկացել է ինքնասպանություն գործել։ Բարեբախտաբար, բանտի վերակացուների անհապաղ միջամտության շնորհիվ, ինքնասպանությունը հաջողվել է կանխել։ Այժմ նա բժիշկների վերահսկողության տակ է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Հասանովը։

Նրա խոսքով՝ այժմ Լապշինի արտահանձնմամբ զբաղվում են ԱԳՆ-ն եւ Բաքվում Իսրայելի դեսպանատունը։ «Հույս ունենք՝ արտահանձնումը կարճ կտեւի»,-ասել է Ալի Հասանովը։