Կառավարությունն ուզում էր խոշոր ներդրողների եւ արտահանողների համար կրճատել շահութահարկը։ Բայց ուր են նրանք հիմա՝ պարզ չէ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում ասել է «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱԱՀ–ի  մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը։ Նախագծով առաջարկվում է ԱԱՀ–ից ազատել սարքավորումներ եւ արդյունաբերական հումք ներկրողներին։

Փաշինյանը հիշեցրեց մեկ այլ օրինագծի մասին, որով նախատեսվում էր շահութահարկը 2 տոկոսով պակասեցնել արտահանմամբ զբաղվող խոշոր բիզնեսի  համար, որը հաշվետու ժամանակաշրջանում 50 մլրդ դրամի արտահանում կիրականացներ։

Դրան ի պատասխան՝ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ Հայաստանում նման ընկերություններ դեռ չկան, սակայն արդեն որոշ ձեռնարկություններ հանրապետությունում խոշոր ներդրումներ են իրականացնում եւ մեծ հարկեր են մուծում։