ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանում է ներկայացրել խորհրդարանում կոռուպցիոն սկանդալի մասին տեղեկությունների վերաբերյալ:

«Որեւէ սկանդալ, չարաշահում եւ առավել եւս կոռուպցիոն երեւույթներ Ազգային ժողովում գոյություն չունեն: Այնուամենայնիվ, մամուլում հրապարակված որոշ հարցերի շուրջ անեմ մի քանի դիտարկում: Մասնավորապես, աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը եւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության նախկին պետ Վարդան Թորոսյանը շարունակում են աշխատել ԱԺ աշխատակազմում՝ զբաղեցնելով այլ պաշտոններ, այսինքն շարունակում են կատարել աշխատակազմի առջեւ դրված գործառույթները: Այլ հարց է, որ Ազգային ժողովի դերի փոփոխությանը զուգահեռ՝ շատացել են նաեւ ԱԺ աշխատակազմի անելիքները, եւ այս համատեքստում կոնկրետ աշխատանքների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կարող են լինել աշխատակիցների փոխատեղումներ, որը մտնում է աշխատակազմի բարեփոխումների ծրագրում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր. «Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտնի է պահվում: Օրերս աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական եւ ֆինանսական միջոցները:

Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը, ֆինասատնտեսագիտական եւ հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ:

Մեր տեղեկություններով՝ նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բազմամիլիոնանոց չարաշահումներ եւ յուրացումներ»: