Ադրբեջանական լրատվամիջոցները հիացմունքով հրապարակում են Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝  Իլհամ Ալիեւին հասցեագրված նամակը։

Հիշեցնենք, որ Լապշինի պատմությունը, որը կարող էր ողբերգությամբ ավարտվել, կապված էր ոչ թե Լեռնային Ղարաբաղ նրա այցի հետ, ինչպես դա ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այլ նրա կողմից խաբված ադրբեջանցի սահմանապահների հասցեին արված քամահրական արտահայտություններով։ Նշենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղից հետո Լապշինը նաեւ Բաքվում է եղել՝ օգտագործելով իր  անվան տարբեր գրելաձեւերը։

Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացուն Բաքվի դատարանը երեք տարվա ազատազրկման էր դատապարտել։ Իսկ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահը Լապշինին ներում շնորհելու հրաման է ստորագրել։

Եվ ահա, ազատության մեջ հայտնվելով, Ալեքսանդր Լապշինը երախտագիտական նամակ է հղել իրեն ներում շնորհած Իլհամ Ալիեւին։ Զարմանալի չէ, որ նամակում մշտապես հիշատակվում են տարածքային ամբողջականությունը, «բռնազավթումը» եւ այլն։ «Եվս մեկ անգամ անկեղծ զղջում եմ իմ անպատասխանատու արարքի համար։ Ձեզ շատ շնորհակալություն ըմբռնման եւ ողորմածության համար, որը դուք դրսեւորեցիք իմ գործի նկատմամբ։ Ձեզ, Ձեր ընտանիքին, Ադրբեջանի ժողովրդին մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, բարգավաճում եւ բռնազավթված տարածքների շուտափույթ ազատագրում»,- Լապշինի նամակը մեջբերում է haqqin.az-ը։

Բայց, ինչպես անեկդոտներից մեկում ասում էր ծերուկ հրեան, պետք է կարողանալ նամակները ճիշտ կարդալ, հատկապես, երբ դրանք հրեան է գրել։ Կարծում ենք, որ ադրբեջանական բանտում լինելը, որը կարող էր ինքնասպանությամբ ավարտվել, «հյուրընկալ» ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ, ի դեմս նրա առաջնորդ Ալիեւի, ջերմ զգացմունքները չի ավելացրել։