ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։

Սեպտեմբերի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում՝ դպրոցում անձնական հարցերի շուրջ համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժածի համադասարանցին ձերբակալվել է՝ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է: