Վարչապետ Կարոն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում բավարար է գնահատել:

Հարցին, թե ինչո՞ւ բավարար, եթե ո՞չ գերազանց, նախարարը պատասանեց. «Երկու գնահատական կա՝ բավարար եւ անբավարար: Սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի»,- ասաց նա: Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հետագայում կառավարության աշխատանքը նաեւ գերազանց գնահատել:

Հարցին, թե 2018 թվականին ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, նախարարն ասաց, որ մինչ այդ բավական ժամանակ կա, իր ցանկությունների մասին կարող է եւ չարտահայտվել:

Նա նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում որեւէ ծրագիր չի տապալվել, իսկ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները չեն տապալվել, ծրագիրը երկարացվել է, շարունակվում է:

«Ինչ վերաբերում է տրանսպորտի վիճակին, փոփոխություններ կան, միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները շատացել են»,- ասաց նա՝ հավելելով, որ տրանսպորտի ոլորտում դեռ փոփոխություններ են սպասվում: