Վերջին մեկ տարում Հայաստանում հարկային ու մաքսային եկամուտներն ավելացել են 6,6 տոկսով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հակիրճ հաշվետվության մեջ, որը վերաբերում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածին:

Ըստ այդմ, հշված ժամանակահատվածում հարկային եւ մաքսային եկամուտները (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) կազմել են 1 տրլն 139 մլրդ 451.1 մլն դրամ:

Հարկային եւ մաքսային եկամուտները առանց ԱԱՀ վերադարձի կազմել են 1 տրլն 82 մլրդ 122.6 մլն դրամ, ինչը 6.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը:

Գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն. դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1- ին կազմելով 265,484.7 մլն. դրամ, իսկ չկատարված հարկային պարտավորությունները 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122,750 մլն. դրամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 7,459.1 մլն. դրամով:

Հարկային ու մաքսային ոլորտում գնումների մեծության նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազար դրամի փոխարեն սահմանվելով 50 հազար դրամի չափով:

47.8 տոկսով կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների թվաքանակը: Գործարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնը: Ներդրվել է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի տրամադրման համակարգը: Ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում: Ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերի վճարումից (ներկայումս 1380 ինքնազբաղված):

Գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը: 2017 հունվարի 1-ից ապահովվել է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունն առանց որեւէ վճարի: Լուծարվել են թվով 20 տարածքային հարկային տեսչությունները՝ դրանց փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, կրճատվել են մաքսատների թվաքանակը՝ 9-ից դառնալով 5: Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում: Հարկային եկամուտների վճարման մեկ միասնական հաշվի ներդրման ապահովում: Կամերալ ուսումնասիրությունների իրականացման ավտոմատ համակարգի գործարկում: Մեքենաների, սարքավորումների եւ հումքային ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատում: