Այցերը պետք է լինեն ոչ թե ինքնանպատակ, այլ բանակցություններ իրականացնելու ուղի։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։

Վերջինս հետաքրքրվեց, թե ինչու վարչապետն արդեն երկար ժամանակ չի հանդիպում արեւմտյան քաղաքական գործիչների եւ հնարավոր ներդրողների հետ։ «Եթե մենք այցեր չենք կատարում, դա դեռ չի նշանակում, որ քննարկելու բան չունենք։ Որպես ԵՏՄ անդամ երկիր՝ մենք չենք թուլացնում ուշադրությունը մյուս շուկաների նկատմամբ։ Հայաստանից արտահանման աճը առաջին 7 ամիսներին 21.6 տոկոս է կազմել, ընդ որում, հատկապես արագ է աճել արտահանումը դեպի եվրոպական երկրներ»,– հավելեց վարչապետը։

«Եվ այնուամենայնիվ, Դուք ավելի շատ Մոսկվա եք մեկնում»,– նկատեց Մարուքյանը։

«Այո՛, գնացել եմ։ Եվ գնալու եմ։ Քանի որ կա կոնկրետ օրակարգ։ Եթե նման օրակարգ լինի Ամստերդամում, կգնամ Ամստերդամ։ Դա չի նշանակում, որ այդտեղից մենք ներդրողներ չունենք կամ չենք ունենալու»,– ասաց վարչապետը։