Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեության արդյունքում կնքված պայմանագրերով նախատեսվում են 112 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հակիրճ հաշվետվության մեջ, որը վերաբերում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածին:

Ըստ այդմ, նշվում է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել է 3 գործարար և ներդրումային համաժողով, որոնց արդյունքում կնքվել է 9 հուշագիր և 4 պայմանագիր՝ այդ թվում 1 էքսկլյուզիվ:

Պայմանագրերով նախատեսվում է իրականացնել 112 մլն դոլարի ներդրումներ և սկզբնական փուլում արտահանել 500 հազար դոլարի արտադրանք, որի առաջին առաքումը կայացել է մայիս ամսին:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է հայկական ընկերությունների մասնակցությունը թվով 9 ցուցահանդեսների, որոնց արդյունքում կնքվել են 86 պայմանագիր՝ 3,469 մլրդ դրամի (7,2 մլն դոլարի) ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է մինչ տարվա վերջ ունենալ շուրջ 7 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր։

Գործարկվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ՝ www.investmentprojects.am կայքը, որտեղ զետեղվել են ՀԶՀ կողմից հավաքագրված շուրջ 1.2 մլրդ դոլար արժողությամբ 30 ներդրումային ծրագրեր։ Խմբագրվել և քննարկման են ներկայացվել տարբեր ոլորտների թվով 40 ծրագրեր:

Կազմակերպվել է «Ձևափոխի՛ր» մրցույթը, որի առաջին փուլի արդյունքում ներկայացվել են երկրի զբոսաշրջային վայրերի ձևափոխման ու տուրիզմի զարգացման 60 նախագծեր: Ընդլայնվել է ՀԶՀ-ում գործող «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվող ծառայությունները:

2017թ-ին ՀԶՀ-ն սպասարկում է շուրջ 600 ընկերություն, որոնցից 350՝ արտահանող, իսկ 250՝ ներդրող։ Հիմնադրամը ակտիվ աշխատանքներ է տանում արտերկրում հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Արդեն իսկ գործում են 9 ներկայացուցիչ և մինչ տարեվերջ ներկայացուցիչների թիվը նախատեսվում է հասցնել 50-ի: