Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները տարածաշրջանում լավագույնն են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, թե ՀՀ քաղաքացու վիճակը վերջին մեկ տարում որքան է փոխվել:

«Մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր, թե ԵՏՄ-ում, թե ԱՊՀ- ում եւ թե տարածաշրջանում, թող անհամեստ չհնչի, լավագույնն են: Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք. Իհարկե՝ ոչ, որովհետեւ մենք չունենք քաղաքացի, ով չի ցանկանում իր կյանքի որակը բարելավել, իսկ մեկ տարվա մեջ մենք չենք կարող լուծել բոլորի խնդիրները: Բայց տրենդը, թե ոնց  ենք գնում, մեզ որոշ չափով բավարարում է»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, կան ծրագրեր, որոնց կատարման ընթացքից իրենք դժգոհ են եւ կցանկանային, որ արդյունքներն ավելի լավը լինեին: