Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով պաշտոնական Բաքվի ջղաձգումները հակառակ արդյունքի հանգեցրեցին՝ Ղարաբաղ ուղեւորությունների թիվն ավելանում է։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին։

Ղարաբաղ այցելող բլոգերների անվտանգության մասին հարցին ի պատասխան՝ Նալբանդյանը նկատեց, որ հնարավոր չէ բռնել Բաքվի իշխանությունների ձեռքից, իսկ նրանց վարքն անկանխատեսելի է։

Բայց պետք է նշել, որ Ղարաբաղ ուղեւորություններին խանգարելու նրանց փորձերը հաճախ հակառակ արդյունքի են հանգեցնում։ Լապշինի կալանքից անմիջապես հետո 10 երկրներից բլոգերների խումբն Արցախ այցելեց։ Նման մի խումբ հիմա պատրաստվում է այցելել նաեւ Տող գյուղում կայանալիք գինու փառատոնը։

Հակառակ արդյունքի են հանգեցնում նաեւ Ադրբեջան մուտքի համար «սեւ ցուցակները» (նրանք, որոնք Ղարաբաղ են այցելել) եւ օդանավակայաններից հայկական ազգանուններով մարդկանց վերադարձը։ Այս մասին բացասական հայտարարություններ արվել են ոչ միայն մեկ երկրի կամ ԱԳՆ-ի կողմից։ «Թող տպավորություն չստեղծվի, որ այդ մասին միայն մենք ենք խոսում»,-ընդգծեց Նալբանդյանը։ 

Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան Նրա անվան գրության մեջ առկա տառի տարբերությունը սահմանապահները չէին նկատել։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու էին տեղափոխել: Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահը Լապշինին ներում էր շնորհել։