Ազգային ժողովն այսօրվա նիստը սկսել է նախօրեին քննարկված հարցերի քվեարկությամբ: Առաջին իսկ օրինագծի քվեարկության ժամանակ դարձյալ խնդիր է առաջացել. Արա Բաբլոյանը հայտնել է, որ գործուղման մեջ գտնվող Արմեն Աշոտյանը հայտարարություն է թողել՝ նշելով, թե ինչպես է պատրաստվում քվեարկել ներկայացված օրինագծերով: «Ելք»-ի պատգամավորները ցանկացել են անձամբ ծանոթանալ հայտարարությանը: Արմեն Աշոտյանի ձայնը, ամեն դեպքում, հաշվարկվել է:

«Երեւանի ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների առիթով էլ դժգոհել են Նաիրա Զոհրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը: Դահլիճում ներկա իշխող կոալիցիայի պատգամավորների թիվը, սակայն, բավարար է եղել, եւ օրինագիծը 59 կողմ ձայնով ընդունվել է:

Այսօր ներկայացված նախագծերից էլ բուռն քննարկման առիթ է դարձել «Հիփոթեքային վարկավորման մասին» օրինագիծը: Նաիրա Զոհրաբյանը դժգոհել է. բանկերը չնչին տոկոսներով ֆինանսական միջոցներ են ստանում, բայց հաճախորդներին մինչեւ 20 տոկոսով են վարկ տրամադրում, Միքայել Մելքումյանն էլ հավելել է. բանկային համակարգը ծաղկել է մեր քաղաքացիների սնանկացման հաշվին:

Այսօր Ազգային ժողով էին եկել նաեւ կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ: Կարեն Կարապետյանին հարց ուներ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը. ինչո՞ւ վարչապետը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում որեւէ արեւմտյան երկիր չի գնացել, չե՞ն հրավիրել, թե՞ մերժել է հրավերները: Էդմոն Մարուքյանը պնդել է. փոխարենը մի քանի անգամ Մոսկվա եք գնացել:

Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվել է բանակի մարտունակությամբ: Հիշեցրել է, որ ամիսներ առաջ վարչապետից տեղեկացան, որ ապրիլյան պատերազմի օրերին ոչ բոլոր տանկերն են մարտական վիճակում եղել, եւ հետաքրքրվել, թե ինչ վիճակ է այսօր: Վիգեն Սարգսյանը վստահեցրել է. զինված ուժերը մարտունակ են, մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա: Պատգամավորի դիտարկմանն էլ, թե Ադրբեջանն արդեն իր սեփական անօդաչուներն է արտադրում, պաշտպանության նախարարը պատասխանել է. Հայաստանը՝ նույնպես, ընդ որում, ոչ թե ուրիշների գծագրերի հիման վրա, այլ սեփական տեխնոլոգիաներով:

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն այսօր մի քանի ոլորտներում մեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետություն է ներկայացրել: Դրա համաձայն՝ այս տարվա առաջին 7 ամիսների արդյունքներով, մասնավորապես, տնտեսական ակտիվությունն աճել է 6.2 տոկոսով, հարկային եկամուտները՝ 6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.7 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26 տոկոսով: Աճ է արձանագրվել նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալներում՝ 21.6 եւ 28.5 տոկոս համապատասխանաբար: Գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում, սակայն, ցուցանիշների նվազում է գրանցվել:

Հաշվետվության մեջ նշվում է նաեւ, որ գործադիրն ակնկալում է Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում 12 կետով բարելավել Հայաստանի դիրքը. ներկայում մեր երկիրը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Միաժամանակ, կարծես խնդիրներ կան 2017 թվականի համար նախատեսված ներդրումային ծրագրերի հետ կապված, եթե, իհարկե, մինչեւ տարեվերջ չհաջողվի թռիչքային ցուցանիշներ արձանագրել: Կառավարության հաշվետվության համաձայն՝ 2017 թվականի առաջին 8 ամիսներին ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար, մինչդեռ կառավարությունը կանխատեսել էր 834 մլն դոլարի ծրագրեր. այսինքն՝ իրականացվել է նախատեսվածի 45 տոկոսը:

184 փաստաբաններ այսօր գործադուլ են հայտարարել. նրանք բողոքում են դատարաններում ապօրինի խուզարկությունների դեմ: Մինչ գործադուլի պատճառով տապալվում էր «Սասնա ծռերի» գործով դատավարությունը, փաստաբանները քննարկում էին ստեղծված իրավիճակը: Մասնակիցները կարծում են, որ եթե Փաստաբանների պալատի նախագահն ի սկզբանե խուզարկությունների վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես գար, խնդիրը չէր խորանա: Մինչդեռ քննարկմանը մասնակցած Արա Զոհրաբյանը կրկին պնդել է. զննություն է, ոչ թե խուզարկություն, իսկ եթե կան փաստաբաններ, որոնք իսկապես դա խուզարկություն են համարում, թող դիմեն իրավապահ մարմիններին կամ Պալատի խորհրդին:

Արա Զոհրաբյանին հարցեր տալու հնարավորություն է ստացել միայն փաստաբան Լուսինե Սահակյանը: Պալատի նախագահը հայտարարել է, թե չի ուզում բանավեճի վերածել այսօրվա քննարկումն ու հեռացել է դահլիճից: Նրա հեռանալուց հետո քննարկվող թեմայի մասին կարծիք է հայտնել Փաստաբանների պալատի հիմնադիր Ռուբեն Սահակյանը: Նա անդրադարձել է Արա Զոհրաբյանի եւ Կարեն Փոլադյանի համատեղ հայտարարությանը՝ նշելով, որ այն փաստաթուղթ որակելը ճիշտ չէ: Շուրջ 3 ժամ տեւած քննարկման ընթացքում խնդրի լուծման տարբեր առաջարկներ են հնչել, մասնավորապես՝ անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային փաստաբանական միություններ, գործադուլները դարձնել հաճախակի՝ մինչեւ պատկան մարմինները կարգավորեն հարցը: Նշենք, որ փաստաբաններին սկսել են խուզարկել շուրջ 3 ամիս առաջ, երբ սկսվեցին «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի գործով քաղաքական դատավարությունները:

«Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստին 15 պաշտպան չի ներկայացել. փաստաբանների մեծ մասը գործադուլ էր անում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցել է այդ մասին տեղեկացնող փաստաբանների հայտարարությունը եւ խոստացել հաջորդ նիստին անդրադառնալ նրանց վարքագծին: Նիստին ներկա են եղել միայն 3 հանրային պաշտպաններ, արդյունքում այն հետաձգվել է: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 20-ին: Նշենք, որ մինչ այդ դատական կարգադրիչները թույլ չեն տվել դահլիճ մտնել ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի քրոջը՝ Լուսինե Բարսեղյանին: Կարգադրիչները պարզաբանել են, որ նրա նկատմամբ  սանկցիա է կիրառվել: Լուսինե Բարսեղյանը, սակայն, իր հետ կապված որեւէ միջադեպ չի հիշում, որի արդյունքում կարող էին սանկցիա կիրառել:

Արմավիրում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երեկ երեկոյան մարզի Արեւիկ համայնքից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում 13-ամյա երեխա է հիվանդանոց տեղափոխվել: Պարզվել է, որ տղան փորձել է ինքնասպանություն գործել՝ կախվելով այգու հենասյունից: Եղբայրը, սակայն, նկատել է տղային ու հասցրել է կտրել պարանը: Բժիշկները տղայի վիճակը ծանր են գնահատում, նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է նոր սմարթֆոնները՝ iPhone 8-ը եւ iPhone 8 Plus-ը: Դրանք հասանելի են երեք գույնով՝ արծաթագույն, ոսկեգույն ու «մոխրագույն տիեզերք»: Մոդելներն ապակե կաղապար ունեն, ինչն անլար լիցքավորման հնարավորություն է տալիս: Առաջին անգամ iPhone-ում կիրառվել է TrueTone տեխնոլոգիան: Apple-ում վստահեցնում են, որ տեսագրության առումով նոր սմարթֆոնները լավագույնն են բջջային տեխնոլոգիաների պատմության մեջ: Դրանց տեսախցիկը կարող է նկարահանել վայրկյանում 60 կադր արագությամբ: Apple-ը ցուցադրել է նաեւ iPhone X-ը, որը հասանելի կլինի երկու գույնով՝ մոխրագույն եւ «մոխրագույն տիեզերք»: Նոր մոդելը վաճառքի կհանվի նոյեմբերի 3-ից:

Սեպտեմբերի 13-ին դոլարն ու ռուբլին էժանացել են, եվրոն նորից սկսել է թանկանալ: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 572, ռուբլունը՝ 8 դրամ 27 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Սեպտեմբերի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, բարձր հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն: