Ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները վստահ են, որ Մոսկվան մտադիր չէ հրաժարվել կիբերտարածքում ագրեսիվ ռազմավարությունից ու մտադիր է շարունակել ԱՄՆ-ի դեմ գործողությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Ռուսաստանն ակնհայտորեն ավելի ագրեսիվ վարքագծային մեթոդներ է գործածում կիբերտարածքում, ավելացնելով կիբերլրտեսության հարցերով գործարքների քանակը, այնուհետեւ տարածելով այն տեղեկությունները, որոնք ստանում է կիբերհարձակումների արդյունքում»,- ասել է Հետախուզության ազգային ծառայության տնօրեն Դեն Քոութսը։

Քոութսը չի հստակեցրել, թե հատկապես ինչ «նշանակետեր» է Ռուսաստանն ընտրում իր կիբերհարձակումների համար, բայց զգուշացրել է, որ հաճախացել են տարբեր երկրերում հասարակական կարծիքի վրա ազդելու փորձերը։ «Մեր հակառակորդներն օգտագործում են համացանցը, կիրառելով «արձագանքման էֆեկտը», երբ տեղեկությունը, գաղափարները կամ հաղորդագրությունները ամրապնդվում են կրկնողության շնորհիվ,- ասել է նա,- Նրանց նպատակն է մեր հասարակության մեջ սերմանել անվստահություն մեր կառույցների հանդեպ կամ էլ սադրել բռնություն՝ հանուն միասնականության»։

Նրա խոսքով՝ վերջերս հաճախ են հաքերների նշանակետ դառնում ԱՄՆ պաշտպանական – արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։

ԱՄՆ առաջատար հետախուզական ծառայություններն այս տարվա հունվարին հրապարակած համատեղ զեկույցում հանգել էին այն եզրակացւթյան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է թույլատրել միջամտության աննախադեպ արշավը՝ 2016-ին Դոնալդ Թրամփի թեկնածությանն աջակցելու նպատակով։