ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱԽ որոշումը՝ քննարկել Մյանմարում ռոհինջա մուսուլմանների դեմ բռնությունների հետ կապված ճգնաժամը։ Ելույթ ունենալով Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ նա պատմել է, որ նամակ է գրել ԱԽ անդամներին ու իր մտահոգությունը հայտնել ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է ՄԱԿ-ի ռադիոն։

ՄԱԿ ղեկավարի խոսքով՝ խնդիրները , որոնք առկա են եղել տասնամյակներ շարունակ, հիմա դուրս են եկել Մյանմարի սահմաններից ու ապակայունացնում են տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը։ «Ես նորից կոչ եմ անում մշակել արդյունավետ ծրագիր՝ այդ ճգնաժամի պատճառ դարձած խորքային պատճառները վերացնելու համար։ Ռակհայն նահանգի մուսուլմաններին պետք է քաղաքացիություն տրամադրվի, կամ առնվազն իրավական կարգավիճակ, որը նրանց թույլ կտա նորմալ կյանք վարել, այդ թվում ապահովելով տեղաշարժի ազատություն, աշխատանքի հասանելիություն եւ այլն»։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին հայտարարությունն այն մասին, որ ռոհինջա ազգի ներկայացուցիչների դեմ բռնությունները էթնիկ զտումներ են, ՄԱԿ- ի ղեկավարն ասել է «Եթե դրանք էթնիկ զտումներ չեն, ապա ուրիշ ինչպե՞ս կարելի է դրանք անվանել»։