«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի կռվախնձոր դարձած Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշակիություն է մտնում: Հանրապատական կուսակցությունն արդեն սկսել է քննարկումները: «Քննարկվել է, քննարկվում է եւ շարունակվում է քննարկվել: Ժամանակին ձեզ կտեղեկացնենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, պատասխանելով հարցին՝ կուսակցությունում քննարկվե՞լ է Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հարցը:

Հարցին էլ, թե ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Բենիամինյանի թեկնածությունը քննարկվե՞լ է, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչ, բերեք չանդրադառնանք որեւէ թեկնածուի»: Եթե կառույցների որոշմամբ լինի, ապա չի բացառվում, որ հենց Կարեն Բենիամինյանի թեկնածությունն էլ ՀՀԿ-ն առաջադրի:

Արտաշատում քաղաքական հավակնություններ ունեցող Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում քաղաքի կառավարումը: Չնայած նրան, որ քաղաքապետի պարտականություններն այժմ դրված են փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանի վրա, Արտաշատը փաստացի շարունակում է ղեկավարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Armtimes.com-ի հարցին՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը քննարկե՞լ եք ձեր համախոհների հետ, Գագիկ Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, ժամանակը կգա, բոլորդ էլ կիմանաք, շատ եք շտապում դուք»: Հիշեցրինք, որ մամուլում հրապարակումներ կան, որ Աբրահամյանները դուրս են գալիս պայքարից. «Չկա էդպիսի բան, համբերեք, ժամանակը կգա եւ կիմանաք, ինչի՞ եք շտապում»: Հարցին՝ դուք քաղաքապետ դառնալու հավակնություն ունե՞ք, Պողոսյանը կցկտուր պատասխան տվեց. «Ժամանակից շուտ ես ոչ մի բան չեմ կարող ասել»: Գագիկ Պողոսյանը նշեց նաեւ, որ իր որոշումը ինչ-որ բանի հետ է պայմանավորված, սակայն այլ բան չասաց:

Նայեմբերի 5-ին նշանակված ընտրությունին մնացել է ընդամենը 2 ամիս, իսկ առաջադրումներին՝ ավելի քիչ ժամանակ: ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության թեկնածուն կարող է կոմպրոմիսային թեկնածու լինել նաեւ Աբրահամյանների համար, որոնք Արարատի մարզում ժամանակին մեծ հեղինակություն ունեին: Կարեն Բենիամինյանն այժմ Արտաշատի ավագանու անդամ է, սակայն վերջին նիստերին չի մասնակցում: Վերջինս եղել է նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում, սակայն մեծ արդյունք չի գրանցել, քան որ Արամայիս Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը եւ Ալիկ Սարգսյանն էին ՀՀԿ-ի համար հիմնականում ձայն ապահովողները: Բենիամինյանն այդ ժամանակ ստացել էր ընդամենը 1239 ձայն:

Ստացած ձայները, հնարավոր վարկանիշը առ ոչինչ են քաղաքական հավակնություն ունենալու համար, երբ առաջ են քաշվում քավորսանիկական, բարեկամական, խնամիական կապերը: Պարզվում է, որ Կարեն Բենիամինյանը Արարատում ՀՀԿ-ի հենարաններից մեկի՝ Հովհաննես Ղազարյանի (հայտնի է Գազի Հովո անունով) սանիկն է, իսկ Հովհաննես Ղազարյանն էլ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների ազդեցության տակ է գտնվում: Ավելին, որոշ տեղեկություններով էլ Բենիամինյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի հետ ընկերական փոխհարաբերություններ ունի:

Չի բացառվում, որ Աբրահամյանները գնան փոխզիջման եւ հենց Կարեն Բենիամինյանն էլ լինի Արտաշատի քաղաքապետի թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում