«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումները ի հայտ են գալիս ամեն անգամ, երբ ֆեյսբուքյան հանրությունը դաժան քննադատության է ենթարկում իշխանության մի որեւէ գործողություն:

Լեզվի մասին Բագրատյանի գրառումը Խոսրովի անտառի հրդեհի օրերին էր: Իսկ թե ինչ թափով էր ֆեյսբուքյան հանրությունը քննադատում իշխանությանը հրդեհը մարելուն անպատրաստ լինելու համար, ավելորդ է հիշեցնել:

Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան ռեպրեսիաների մասին հայտնի ցուցահանդեսի արգելումը: Ֆեյսբուքում կրկին քննադատությամ մեծ ալիք էր, հիմնական գնահատականն էլ՝ այն, որ Հայաստանի գործող իշխանությունը բոլշեւիկների արժանի ժառանգն է, եթե 37 թվականի մեթոդներով այդ նույն մեթոդները մերկացնող ցուցահանդես է փակում: Բանն այն է, որ Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմում է, որ իրեն զանգահարել է ԱԱԾ ոմն գնդապետ կամ փոխգնդապետ, սպառնացել է, շանտաժ արել, որից հետո նաեւ մշակույթի նախարարությունն է հրահանգել ցուցահանդեսը փակել:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն մի քանի օր է՝  չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու է փակվել ցուցահանդեսը:

Մշակույթի փոխնախարարը երեկ ասաց, որ այն քաղաքական էր, դրա համար է փակվել: Այսօր ԱԺ ամբիոնից Արդարադատւթյան նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը վարչարարական հարաբերությունների մեջ է եղել, հնարավոր է՝ ՊՈԱԿ-ը չի պահպանել վերադասի սահմանած կարգը:

Ֆեյսբուքյան հանրության ուշադրությունից, սակայն, այս զարգացումներն արդեն վրիպեցին: Ուշադրության կենտրոնում այժմ Բագրատյանը, Շարմազանովն ու սպորտի փոխնախարարն են:

Հրանտ Բագրատյանը խոստացել է հայ կնոջ եւ ընտանիքի դերին նույնպես անդրադառնալ ֆեյսբուքյան գրառման միջոցով: Չենք կասկածում, որ գրառումը նույնքան սկանդալային կլինի: Եվ այնուամենայնիվ արժե, որ նախկին վարչապետը հատուկ ընտրի գրառման ժամանակահատվածը: Շատ են լինում օրեր, երբ ֆեյսբուքյան հանրությունը ահռելի ձանձրույթ է ապրում, իսկ հասարակական-քաղաքական կյանքում ոչ մի հիշարժան իրադարձություն չի կատարվում: Կարճ ասած՝ գաղջ օրեր: Այսպիսի օրերին իր ֆունդամենտալ գրառումներով հանդես գալով՝ Հրանտ Բագրատյանը էապես կբարձրացնի դրանց էֆեկտիվությունը՝ ոչ այդ գրառումները կխանգարեն այլ թեմաներին, ոչ էլ այլ թեմաները կխանգարեն իր բարձրացրած հարցերի ամենայն խորքային եւ լայնածավալ ուսումնասիրմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում