Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, շարունակվում է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան:

Օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 9-ը միջազգային համաձայնագրերին է վերաբերում: Մինչեւ օրակարգի մյուս հարցին անցնելը՝ պատգամավորները քվեարկում են նախորդ օրվա քննարկված նախագծերը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց պատգամավորներին չհեռանալ նիստերի դահլիճից, քանի որ այսօր օրակարգի վերջին 5 հարցերը քննարկելուց հետո, օրվա ավարտին դրանք քվեարկվելու են:

Մասնավորապես, նախօրեին քննարկվել են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին», «Հիպոթեքային վարկավորման մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», օրենքներում փոփոխությունների օրինագծերը, «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

Մինչ այդ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել են «Ճարտարապետական գործունեության մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հավաքների ազատության մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում են նաեւ մի շարք նախագծեր, այդ թվում «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Զենքի մասին. օրենքի փոփոխությունները: