Իսրայելի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու պատճառն այն է, որ երկրները, որոնց քաղաքացին է նա, ադրբեջանական բանակի սպառազինության գլխավոր մատակարարներն են: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Փորձագետը նշեց, որ առանձնապես չի հետեւել բլոգերի գործի եւ ճակատագրի ընթացքին, սակայն կարող է ենթադրել, որ ներման պատճառը, հնարավոր է, ժամանակակից սպառազինության մատակարարումների իր գլխավոր գործընկերների հետ հարաբերությունները վերջնականապես չփչացնելու Բաքվի ցանկությունն է: Միեւնույն ժամանակ, Խրամչիխինը կարծում է, որ Լապշինի նախնական հանձնումը երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա, Բաքվի կողմից չի իրականացվել այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացել է ինչ-որ սկզբունքայնություն դրսեւորել: Փորձագետը հավելեց, որ Բաքուն, ավելի շուտ, Ալեքսանդր Լապշինին այնպիսի նշանակալի անձ չի համարել, որ Ռուսաստանի կամ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը նրան պաշտպանեին եւ Ալիեւի ռեժիմի հետ գժտվեին:

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Ալեքսանդր Լապշինին 3 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել: Նա ազատազրկման վայրերում է անցկացրել ընդհանուր 9 ամիս: Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահը Լապշինին ներելու մասին հրամանագիր էր ստորագրել: Նույն օրը հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բանտում Ալեքսանդրը փորձել էր ինքնասպան լինել: