Հայաստանի գյուղացիները կկարողանան ընդամենը 5 տոկոսով վարկեր ստանալ: Այս մասին նշված է գյուղացիական վարկերի աջակցության ծրագրում, որը հավանության արժանացավ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ վարկերը կտրամադրվեն նվազագույնը 14 տոկոսով, սակայն կառավարության սուբսիդավորմամբ տոկոսադրույքը 5 տոկոս կկազմի, իսկ սահմանամերձ գյուղերի համար՝ 3 տոկոս: Վարկերը կտրամադրվեն հայկական դրամով, որ գյուղացիներին ապահովագրեն արժույթի տատանումներ ռիսկից: Ծրագիրը կվերաբերի 3-10 մլն դրամ (մինչեւ 20 մլն դոլար) վարկերին, մինչեւ 5 տարի ժամկետով:

Սուբսիդավորվում են համեմատաբար խոշոր վարկերը, քանի որ կառավարության նպատակն է օգնել գյուղատնտեսական տեխնիկայի, ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի եւ այլ միջոցների գնմանը, որոնք կօգնեն որակապես փոխել հողի մշակումը:

Նույն պատճառով, եթե գյուղացին ցանկանում է վարկով տեխնիկա կամ արտադրության այլ միջոցներ գնել (վարկի գումարի 70 տոկոսից ավելին), ապա փողը կստանա 5 տարով, այլապես (եթե ավելի քիչ, վառելանյութ եւ այլ ընթացիկ միջոցներ) մինչեւ 2 տարի: Սակայն, այսպես թե այնպես, արտոնյալ վարկերը կտրամադրվեն միայն գյուղատնտեսությունը վարելու համար: