Կառավարությունն առաջարկում է դյուրացնել լիցենզավորման կարգավորումը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու գործադիրի առաջարկած օրինագծերի փաթեթը։

Փոխնախարարի խոսքով՝ գործունեության 4 տեսակի մասով առաջարկվում է չեղարկել գործունեությունը լիցենզավորման ենթակա համարելու պահանջը։ «Դրանք են՝ մաքսային եւ մաքսային ազատ պահեստներում ապրանքների հսկողության գործունեությունը, առանց տուրքերի առեւտրով զբաղվող խանութներում ապրանքների իրացման գործունեությունը, մաքսային փոխադրողի եւ մաքսային վերահսկողության տարածքի կազմակերպման գործունեությունը։ Մեկ այլ գործունեության համար առաջարկվում է ծանուցումների միջոցով փոփոխել օրենսդրական կարգավորմամբ լիցենզավորման պահանջը։ Դա վերաբերում է ալմաստների ներկրմանը, արտահանմանն ու փոխադրմանը»,- նշեց Խաչատրյանը։