«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստից առաջ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կրկին փորձել են խուզարկել փաստաբաններին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական կարգադրիչները պահանջել են պաշտպաններ Լուսինե Սահակյանից եւ Նինա Կարապետյանցից բացել իրենց պայուսակները: Պաշտպանները հրաժարվել են խուզարկվել, որից հետո նրանց վերաբերյալ արձանագրություն է կազմվել:

Նիստի մեկնարկին էլ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ կարգադրիչներից գրություն է ստացվել, որ փաստաբաններից Մուշեղ Շուշանյանը հրաժարվել է հանել իր պայուսակի մետաղական իրերը։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ «Սասնա ծռերի» 18 անդամներից որևէ մեկը նիստին չի մասնակցում: Նրանց նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել եւ հեռացված են դահլիճից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին փաստաբանները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով դատարաններում ապօրինի խուզարկությունների դեմ: