Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում եւ ունեմ թերություններ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից:
Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում եւ ունեմ թերություններ:
Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:
Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձեւով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ եւ ընդդիմախոսներիս:
Պատրաստ եմ նաեւ ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու:
Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը:
Մեր ուժը միասնության մեջ է:
Սպասում եմ Ձեր արձագանքին»: