Ազգային ժողովը  սեպտեմբերի 14-ին՝ հերթական նիստի ժամանակ, առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։ Օրինագծին 87 պատգամավոր կողմ է քվեարկել, փոխանցում է NEWS.am-ը։

Հիշեցնենք․ Հայաստանի կենտրոնական բանկը ԱԺ-ին է ներկայացրել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։ ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանի համաձայն՝ նախագծի նպատակը ֆինանսական կազմակերպությունների գործունեության առնվազն 93 տոկոսի համապատասխանեցումն է միջազգային ստանդարտներին։ Նրա խոսքով՝ որպեսզի արտաքին շոկերի պարագայում բանկերը կարողանան կապիտալի, այլ ոչ թե հաճախորդների հաշվին ծածկել ռիսկերը, կապիտալի լրացուցիչ բուֆեր է անհրաժեշտ։ Այլ կերպ ասած՝ կապիտալի գործող նվազագույն չափի նորմատիվի հետ մեկտեղ անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալի պահանջ սահմանել։