Չի կարելի շինարարության թույլտվությունը հետաձգել բացառապես եղանակի պատճառով։ Այս մասին սեպտեմբերի 14-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ձմռան ամիսներին տեղական իշխանությունները կառուցապատողներին շինարարության թույլտվություն չեն տալիս, ինչն էլ ձգձգում է աշխատանքը։ Կարապետյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանին հանձնարարեց 40-օրյա ժամկետում հաստատել շինարարական աշխատանքների կարգը՝ եղանակային պայմաններից կախված։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին նա հանձնարարեց հետեւել, որ իշխանությունները տեղերում եղանակային պայմանների պատճառով կառուցապատողներին չմերժեն շինարարության թույլտվությունը։ «Հյուսիսային երկրում շինարարություն անում են չէ։ Մենք էլ պիտի անենք։ Չի կարելի շինարարական նախագծերը հետաձգել։ Դա անդրադառնում է ներդրումներ գրավելու վրա»,– ասել է վարչապետը։