Հայաստանում կստեղծվի ստալինյան բռնաճնշումների զոհերի թանգարան: Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հիմա մշակվում է թանգարանի հայեցակարգը:

Նրա խոսքով՝ կառավարությունը երբեք չի խուսափել թեմայի քննարկումից: Թանգարանային գիշեր եվրոպական նախաձեռնության շրջանակում երկրում մի քանի ցուցադրություններ են եղել, իսկ սեպտեմբերի 22-ին դրանցից հերթականը կբացվի Ազգային գրադարանում:

Ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակի ցուցահանդեսը Երեւանում բացվել էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում, տեւել էր 22 օր եւ օրերս փակվել: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հայտարարել էր, որ իրեն սպառնալիքներով են ստիպել ցուցահանդեսը փակել: Իսկ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը իրավիճակը մեկնաբանելիս նշել էր, որ հարցը չպետք է քաղաքականացվի:

Մշակույթի նախարարը նշեց, որ ոչ մեկը ոչ մեկին սպառնալու իրավունք չունի: Եթե իսկապես այդպիսի բան է եղել, մեղավորներն ըստ օրենքի պատասխան կտան: Սակայն Հայաստանի կառավարությունը բռնաճնշումների թեման լռության չի մատնում: Քաղաքական շահարկումներ են պնդումները, որ կառավարությունը դրանք թաքցնում կամ արդարացնում է:

«Ցուցահանդեսը փակվել է բացառապես տեխնիկական պատճառներով: Ցուցահանդեսը տարերային էր, դրա անցկացումը չէր համաձայնեցվել Մշակույթի նախարարության հետ: Դա չի արվել: Իսկ դա անհրաժեշտ է անել մշակութային գրաքննության պատճառով, բյուջեի ծախսերի վերահսկման պատճառով: Իսկ թեման, կրկնում եմ, ոչ ոք չի էլ պատրաստվում մոռացության տալ: Բռնաճնշումների զոհերի թվում են հազարավոր մեր հայրենակիցներ: Վերջապես՝ իմ մի քանի ազգականներ»,- ասաց Ամիրյանը:

Նշենք, որ ՀԽՍՀ-ն ստալինյան ժամանակաշրջանում Խորհրդային Միության հանրապետությունների շարքում կալանավովածների եւ դատապարտվածների թվով վերջին տեղերից մեկում է: