Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու, ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով նիստն հետաձգվեց:

Գործով ամբաստանյալ Իշխան Բարսեղյանն իրեն վատ էր զգում եւ կալանավայրից դատարան չէր տեղափոխվել:

Հնարավոր է, որ առաջիկայում Բարսեղյանը հիվանդանոց տեղափոխվի հետազոտվելու: Նշենք, որ նա սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի:

Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: