Հայաստանում կազմակերպվում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը. արդեն դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ավելի քան 50 թիմ։ Նախաձեռնողներն են «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է արդեն չորրորդ անգամ, բայց այս տարի դիմում-հայտ ներկայացրած սթարթափների վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ մեր երկրում ՏՏ ոլորտը զարգանում է միջազգային միտումներին համահունչ։ Մրցույթը հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված սթարթափների համար։ Շատերն արհեստական ինտելեկտի եւ մեքենայացված ուսուցման վրա հիմնված լուծումներ են առաջարկում։ Ոլորտների ընտրությունը նույնպես բազմազան է, իսկ ամենաշատ լուծումներն առաջարկվում են կրթության, առողջապահության, ֆինանսների ոլորտներում եւ էլեկտրոնային առեւտրում: 

«Որոշ սթարթափներ լուծումներ են առաջարկում կրթության ոլորտում, մասնավորապես՝ ծրագրավորման ուսուցման տարբեր եղանակների եւ փորձառությունների վերաբերյալ, ինչը նույնպես համահունչ է միջազգային շուկայում տիրող միտումներին։ Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին եւ այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշում է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մշտապես աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։

«Իր ձեւաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը բխում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաեւ աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Seedstars Երեւան» սթարթափների մրցույթի մասնակցության դիմում-հայտերը կարելի է ուղարկել՝ այցելելով http://bit.ly/2vUOQns կայք եւ մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 19-ը: Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը։