Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է անվտանգության ամրագոտու փորձարկման ստենդի կիրառմամբ կանխարգելիչ եւ ուսուցողական միջոցառումները։ Այս անգամ, սեպտեմբերի 13-ին, ճանապարհային ոստիկանները սարքը կայանել էին Աշոտ Նավասարդյանի անվան՝ համար 196 հիմնական դպրոցի բակում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները երեխաներին բացատրել են երթեւեկության ժամանակ ամրագոտու դերն ու նշանակությունը եւ ամրակապված երթեւեկելու կարեւորությունը։ Ուսուցիչներն էլ, իրենց հերթին նշել են, որ ամրակապված երթեւեկելը որքան վարորդի համար է կարեւոր եւ պարտադիր, նույնքան էլ՝ ուղեւորների։

Դպրոցականները գործնականում փորձարկել են եւ զգացել անվտանգության ամրագոտու դերն ու կարեւորությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ Ճանապարհային ոստիկանության նախաձեռնած նմանօրինակ միջոցառումներն ուղղված են քաղաքացիների կյանքն ու կենցաղն ավելի անվտանգ դարձնելուն։