Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն եւ աշխատանքային նոր հաջողություններ:

Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդեւի անձնական ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները եւ գոհունակությամբ  ընդգծել են, որ  առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություներով   առեւտրաշրջանառության ծավալների աճի առումով:

Անդրադարձ է եղել  նաեւ Դմիտրի Մեդվեդեւի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի եւ Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին: