Ես դեռեւս ընդդիմություն չեմ ճանաչում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավորների այն պնդումներին, որ երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ձգտումով Սերժ Սարգսյանը Հայաստանը հավասարեցնում է Ադրբեջանին եւ այն երկրներին, որտեղ միապետություն է:

«Մենք ունենք ընդդիմադիր գործիչներ, ընդդիմություն Հայաստանում չկա: Ընդդիմադիր մարդիկ են, որոնց մեջ մի քանիսն են ու տարբեր գաղափարներ ունեցող, ոչ միասնական գաղափարներ ունեցող մարդիկ են: Սա այն ընդդիմությունը չէ, որը այնքան ուժեղ է, որը կամրացնի իշխանությանը: Մենք չունենք այն ընդդիմությունը, որի հետեւանքով իշխանությունը ամրանա»:

Դիտարկմանը՝ այդ պատճառո՞վ է իշխանությունը երերում, Գալուստ Սահակյանը պատասխանեց: «Համենայնդեպս երբեք չեք տեսնում, որ ես երերամ, որովհետեւ եթե դու պայքարի նպատակ ունես, կեցվածքդ այդպիսին է, նման մարդիկ երբեք չեն երերում, նման մարդիկ առաջ են գնում, իսկ Հանրապետականում նման մարդիկ շատ կան: ՀՀԿ-ն բաց կուսակցություն է, ով ուզում է ընդունվում է, մեկը ընդունվում է ընդդիմություն կարիերայի համար, մյուսը ...»,-մանրամասնել է Գալուստ Սահակյանը: