Մշակույթի նախարարությունը «Խավարում» ցուցահանդեսի փակման անհեթեթ բացատրություններով ինքնաբացարկի դաշտ է իրեն տեղափոխում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ խորհրդային տարիների բռնաճնշումների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի փակմանը նվիրված ասուլիսի ժամանակ, ասել է կոմպոզիտոր Վահան Արծրունին։

Նրա խոսքով՝ մշակույթի փոխնախարարի հիմնավորումը, թե ցուցահանդեսը փոքր ինչ քաղաքականացված է եւ շտկումներից հետո կվերաբացվի, արդեն իսկ նշանակում է գրաքննություն։ «Սա կոպիտ ցենզուրա է, կոպիտ ներխուժում արվեստի դաշտ։ Աշխարհում կա՞ն արդյոք թանգարաններ, որոնք քաղաքականացված են։ Իհարկե, Օսվենցիմը, հենց Ցեղասպանության թանգարանը, Հայաստանում ռուսական կերպարվեստի թանգարանն էլ է քաղաքական տարր պարունակում։ Կան տարածքներ, որոնք ենթադրում են քաղաքականացում։ Չի կարելի նման թեզով փակել որեւէ ցուցահանդես»,– ասաց արվեստագետը։

Վահան Արծրունին հիշեցրեց, որ ցուցահանդեսը հրաշալի, գրագետ կերպով լուծված լանդշաֆտային ինստալյացիա էր՝ թանգարանից դուրս։ «Այն ուներ կուռ տրամաբանություն, հստակ մեսիջ։ Առաջին պաստառները հայտնում են, որ 1938-ին գնդակահարվել, ոչնչացվել է Հովհաննես Թումանյանի ընտանիքը։ Հետո երեւում է Միկոյանի նամակը, որով խնդրում են եւս 770 հոգու աքսորել, եւս մի նամակում՝ 2000 հոգու։ Վերջնակետում հայելին է, որով հասկանալի է դառնում, որ այս պատմությունը ոչ թե նեղ ընտանեկան խնդիր է, այլ խնդիր, որի վերջնակետը դու ես, քանի որ ինքդ քեզ ես տեսնում հայելու մեջ։ Ավելի պարզ տեսքով ներկայացնել այս գաղափարն անհնար է։ Միջազգային մակարդակով նման լուծումներով ցուցահանդեսներ կարելի է մատների վրա հաշվել։  Եվ ահա նման ցուցահանդեսը փակվում է անհեթեթ բացատրություններով։

Մշակույթի փոխնախարարն ասում է, որ շտկումներ պիտի արվեն, նախարար Ամիրյան ասում է, թե որեւէ գաղափարային բան չկա, պարզապես իրենց ժամանակին չեն իրազեկել։ Բայց պարզվում է, որ մի տարի առաջ հայտը ներկայացվել է, եւ որ կես տարի հետո էլ հիշեցում է եղել, որ արտաբյուջետային հնարավորություններով է ցուցահանդեսը կազմակերպվելու։ Նախարարության անհեթեթ բացատրությունների շարքը ցույց է տալիս, որ որոշողը ոչ թե մշակույթի նախարարն է եղել, այլ հրահանգողը շատ ավելի բարձր աստիճանի վրա է կանգնած»,– եզրակացրեց Արծրունին։

Նա կարծում է, որ այս պարագայում խնդիրը համակարգային բնույթ է կրում։ «Սա բարոյական խնդիր է։ Արդյոք Մշակույթի նախարարությունը, որը վաստակավորի կոչումներ է շնորհում կնունքներին եւ հարսանիքներին, Գլենդելի ճաշարաններում 6/8 երգող արտիստներին, բարոյական իրավունք ունի միջամտել նման լրջագույն խնդրի, ինչպիսին է լյուստրացիան եւ անցյալի վերագնահատումն ու հասարակական կարծիքի ձեւավորումը։ Նախարարությունն  այս անհեթեթ բացատրություններով ինքնաբացարկի դաշտ է իրեն տեղափոխում։ Որպես պետական լծակ՝ նա այլեւս գոյություն չունի։

Մեդիադաշտը վկայում է, որ մենք այսօր ներկայացնում ենք հասարակական կարծիքը եւ պահանջը։ Մենք պահանջում ենք ելք, պահանջում ենք ցուցահանդեսի վերաբացումը նույն տարածքում, եւ թեման փակվում է։ Կգնան դրան, նշանակում է, որ գոնե ողջամիտ են։ Չգնան՝ նշանակում է, որ գործում են քաղաքական ալգորիթմով, որը դեմ է ուղղված հանրությանը»,– ասաց Վահան Արծրունին։