Իրավապահ մարմինները պետք է ցրել եւ լրիվ նոր կազմ հավաքել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած սպանությանը:

«Քիչ առաջ, Երեւանի կենտրոնում` կառավարության, ՀՀԿ եւ ՀՅԴ գրասենյակների մոտակայքում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով կան զոհ եւ վիրավորներ:

Մեկ անգամ արդեն գրել էի, չեմ զլանա գրել երկրորդ անգամ: Ուրեմն ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմինները ընդամենը մեկ օրում (կամ մեկ շաբաթում, դա էական չէ) չեն կարող հավաքել հանրապետությունում առկա անօրինական զենքերը, կամ անասունների ձեռքերում հայտնված օրինական զենքերը եւ կրիմինալ մեծ ու փոքր տարրերին չեզոքացնեն: Եթե 90-ների սկզբին` պատերազմի եւ փաստացի անարխիայի պայմաններում Վանո Սիրադեղյանին դա հաջողվեց անել, ապա 21-րդ դարի պայմաններում դա անելը մեկից մեկ է: Երկու պատճառ կա դա չանելու` կամ չեն կարողանում, կամ չեն ուզում:

Երկու դեպքում էլ իրավապահ մարմինները պետք է ցրել եւ լրիվ նոր կազմ հավաքել, ինչպես դա արեց Սահակաշվիլին»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր, ժամը 13.20-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել: Կրակոցները հնչել են Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, ինչի հետեւանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի ընկած է խոտածածկ տարածքում։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ծառի տակ ընկած է մարմին, իսկ սալահատակին նաեւ ինքնաձիգ ու մեկ ատրճանակ: