Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից սպանվածի եւ վիրավորի անունները հայտնի են (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի տեղեկություններով սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի վայրում հավաքված լրագրողներին հայտնել է, որ այսօր ժամը 13.26-ին Երեւանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով երկու անձ հրազենային վնասվածք են ստացել. «Նրանցից մեկը մահացել է, մյուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին հայտնի է, որ սպանվածը 43 տարեկան է, Լոռու մարզի բնակիչ»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե որ հիվանդանոց է տեղափոխվել վիրավորը, նաեւ չի նշել նրանց անունները:

Ահարոնյանը նշեց, որ այս պահին վարկածներ դեռ չկան, աշխատանքներ են տարվում:

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ. «Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի ընկած է խոտածածկ տարածքում։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ ծառի տակ ընկած է մարմին, իսկ սալահատակին նաեւ ինքնաձիգ ու մեկ ատրճանակ:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am